Կաննի կինոփառատոնը ի ցույց դրեց Հայկական կինոարդյունաբերության ողջ պերճանքն ու թշվառությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան։ Հայտարարությունում ասվում է. «Կաննի 79-րդ կինոփառատոնը և փառատոնի շրջանակներում անցկացվող կինոշուկան արձանագրեցին մի կողմից համաշխարհային կինոյում հայկական ձեռագրի հստակ առկայությունն ու ժամանակակից հայկական կինոյում նոր հայտնվող դրական տենդենցները, մյուս կողմից ի ցույց դրեցին Հայաստանում կինոյի պետական կառավարման համակարգի ճահճացվացության ու մասնագիտական խեղվածության սարսափելի աստիճանը։
«Կաննի դասականներ» ծրագրում Արտավազդ Փելեշյանի հինգ ֆիլմերի ներառումը, ռեժիսոր Անտոնին Բոդրիի «De Gaulle» ֆիլմում Շարլ Դե Գոլի կերպարը մարմնավորելու համար Սիմոն Աբգարյանի տրիումֆը ու Կաննի կինոշուկայի պաշտոնական ամսագրի երեք համարներում Հայաստանին ու «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի» տաղավարին վերաբերվող ընդարձակ անդրադարձը, Հայաստանում իրենց անհամաչափ արձագանքը գտան պետական կառույցի կողմից Կաննում Հայաստանի մասնակցության խեղված լուսաբանման, լուսանկարների տեխնիակական խմբագրման, ներկլանային քստմնելի գզվռտոցի և ՀՀ ԿԳՄՍՆ կողմից կողմնակալ մի «Հայտարարության» տեսքով։
ՀՀ հարկատուների հաշվին ԿԳՄՍ փոխնախարարի, Հայաստանի կինոյի հիմնադրամի աշխատակազմի անդամների, իշխանության կողմից հովանավորվող «կինոգործիչների» մի ստվար զանգվածով գտնվելով Կաննում, և Կաննի ծրագրերում չունենալով ժամանակակից հայկական կինոն ներկայացնող գեթ մեկ ֆիլմ, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը իր տարածած «Հայտարարության» մեջ այս տարի արվածը ներկայացնելու փոխարեն, անոնսել է հաջորդ տարվա մասնակցության հեռանկարներն ու հավատարիմ մնալով բացառապես յուրային կինոգործիչներին սատարելու քաղաքականությանը, անտեսել է Հայաստանը ներկայացնող «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի» ծանրակշիռ ներկայությունը Կաննում։
Զավեշտ է, կինոյի պատասխանատուների դերում պատահականորեն հայտնված մարդիկ, որ պաշտոնները թողնելուց հետո նույնիսկ փոշեհատիկի հետք չեն թողնելու հայ կինոյում, իրենց թույլ են տալիս «չնկատել» մասնագիտական մի կազմակերպության ներկայություն, որն ահռելի գործ է անում ի շահ հայ կինոյի միջազգայնացման՝ առանց պետության օժանդակության։
ՖԱՀՖ ՀԿ խորհուրդը խստորեն դատապարտում է կինոյի չինովնիկների կողմից ՀՀ հարկատուների գումարներով ձևավորվող ՀՀ պետական բյուջեն քաղաքական նպատակներին ծառայեցնելու, կինոհամայնքը «սորտավորելու» հանցավոր պրակտիկան և տեղեկացնելու է ՀՀ-ում իշխանության կողմից վարվող հովանավորչության և ազատ մրցակցությանը խոչընդոտելու փաստերի մասին գործընկեր միջազգային կինոկառույցներին։
Կաննում մասնակցության, արդյունքների և ապագա ծրագրերի հաշվետվությամբ ՖԱՀՖ-ը առաջիկայում հանդես կգա մամուլի ասուլիսով»։
Source: https://news.am/hy/news/1038739
Armenia
Կաննի կինոփառատոնը ի ցույց դրեց Հայկական կինոարդյունաբերության ողջ պերճանքն ու թշվառությունը. հայտարարություն
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։