ԱՄՆ-ն և Իրանը մոտ են մի համաձայնագրի ստորագրմանը, որը նախատեսում է հրադադարի ռեժիմի երկարաձգում 60 օրով, որի ընթացքում Հորմուզի նեղուցը կրկին կբացվի, Իրանը կկարողանա ազատորեն վաճառել նավթ, և կանցկացվեն բանակցություններ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման շուրջ, հայտնել է ամերիկացի պաշտոնյան Axios պարբերականին։
Գործարքը թույլ կտար խուսափել պատերազմի սրացումից և թուլացնել ճնշումը համաշխարհային նավթի մատակարարումների վրա։
Սակայն պարզ չէ, թե արդյոք այն կհանգեցնի ամուր խաղաղության համաձայնագրի կնքմանը, որում նաև հաշվի կառնվեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային պահանջները։
Թե՛ Թրամփը, թե՛ միջնորդները նշել են, որ գործարքի մասին կարող է հայտարարվել կիրակի, թեև այն դեռ ավարտված չէ և դեռ կարող է տապալվել։
Ամերիկացի պաշտոնյան ներկայացրել է նախագծի մանրամասն պլանը ներկայիս տեսքով, որի մեծ մասը հաստատվել է բանակցություններին մոտ կանգնած այլ աղբյուրների կողմից։
Այս մանրամասները չեն հաստատվել իրանական կողմից, թեև Թեհրանը նույնպես նշել է, որ գործարքը մոտ է ավարտին։
• Երկու կողմերն էլ կստորագրեն փոխըմբռնման հուշագիր (MOU), որը նախատեսված է 60 օրվա համար և կարող է երկարաձգվել փոխադարձ համաձայնությամբ։
• 60-օրյա ժամանակահատվածում Հորմուզի նեղուցը բաց կլինի առանց անցման վճարի գանձման, իսկ Իրանը կհամաձայնի ականազերծել այն ականները, որոնք տեղադրել էր նեղուցում, որպեսզի նավերը կարողանան ազատ անցնել։
• Դրա դիմաց ԱՄՆ-ն կվերացնի իրանական նավահանգիստների շրջափակումը և կչեղարկի որոշ պատժամիջոցներ, ինչը Իրանին թույլ կտա ազատորեն նավթ վաճառել։
Ամերիկացի պաշտոնյան ընդունել է, որ դա բարենպաստ կլինի Իրանի տնտեսության համար, սակայն ասել է, որ դա նաև զգալիորեն կթեթևացնի իրավիճակը համաշխարհային նավթի շուկայում։
Պարբերականի զրուցակիցը հայտարարել է, որ որքան արագ իրանցիները վնասազերծեն ականները և վերականգնեն նավարկությունը, այնքան արագ կվերացվի շրջափակումը։
Նա պատմել է, որ համաձայնագրում Թրամփի առանցքային սկզբունքը «պարտավորությունների կատարման խթանումն» է։
Իրանը ցանկանում էր միջոցների անհապաղ ապասառեցում և մշտական պատժամիջոցների վերացում, սակայն ամերիկյան կողմը հայտարարել է, որ դա տեղի կունենա միայն այն բանից հետո, երբ շոշափելի զիջումներ կարվեն։
Միջուկային հարցերը դեռ պետք է քննարկվեն։
Ամերիկացի պաշտոնյայի վկայությամբ, փոխըմբռնման հուշագրի նախագիծը ներառում է Իրանի պարտավորությունը երբեք չձգտել միջուկային զենք ստեղծելուն և բանակցել ուրանի հարստացման իր ծրագրի կասեցման ու բարձր հարստացված ուրանի իր պաշարների ոչնչացման շուրջ։ Երկու իրազեկ աղբյուր հայտնել է, որ Իրանը միջնորդների միջոցով ԱՄՆ-ին բանավոր պարտավորություններ է տվել այն զիջումների ծավալի վերաբերյալ, որոնց պատրաստ է գնալ՝ կասեցնելով ուրանի հարստացումը և հրաժարվելով միջուկային նյութերից։ ԱՄՆ-ն կհամաձայնի 60-օրյա ժամանակահատվածում բանակցություններ վարել պատժամիջոցների վերացման և իրանական միջոցների ապասառեցման շուրջ, թեև այդ քայլերը կիրականացվեն միայն վերջնական համաձայնագրի շրջանակում, որի կատարումը հնարավոր կլինի ստուգել։
Ամերիկյան զորքերը, որոնք վերջին ամիսներին մոբիլիզացվել էին, 60-օրյա ժամանակահատվածում կմնան տարածաշրջանում և դուրս կբերվեն միայն այն դեպքում, եթե վերջնական պայմանավորվածություն ձեռք բերվի։
Ինտրիգն այն է, որ փոխըմբռնման հուշագրի նախագծում նաև հստակ խոսվում է Իսրայելի և Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման միջև պատերազմի դադարեցման մասին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շաբաթ օրը Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում անհանգստություն է հայտնել այս պայմանի վերաբերյալ, հայտնել է իսրայելցի պաշտոնյան։
Ըստ ամերիկացի պաշտոնյայի, նա նաև անհանգստություն է հայտնել գործարքի այլ կողմերի վերաբերյալ, սակայն ներկայացրել է իր դիրքորոշումը հարգալից ձևով։ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ դա չի լինի «միակողմանի հրադադար», և եթե «Հեզբոլլահ»-ը փորձի վերազինվել կամ հարձակումներ սադրել, Իսրայելին թույլ կտրվի միջոցներ ձեռնարկել դա կանխելու համար։
Շաբաթ օրը հեռախոսային կոնֆերանսի ընթացքում Թրամփը մի քանի արաբ և մուսուլման առաջնորդների պատմել է գործարքի մասին, և նրանք բոլորը հայտարարել են, որ աջակցում են դրան, հայտնել են հեռախոսազրույցի ընթացքին ծանոթ երեք աղբյուրներ։ Ամերիկացի պաշտոնյայի վկայությամբ, նրանց թվում էր նաև ԱՄԷ նախագահ Մոհամմեդ բեն Զայեդը, որը մարտական տրամադրվածություն ուներ։
Կապի մեջ էին նաև Սաուդյան Արաբիայի, Կատարի, Եգիպտոսի, Թուրքիայի և Պակիստանի առաջնորդները, որոնք մասնակցում էին միջնորդական ջանքերին։
Պակիստանցիները գլխավոր միջնորդներն էին՝ ֆելդմարշալ Ասիմ Մունիրի գլխավորությամբ, որը ուրբաթ և շաբաթ օրերին գտնվում էր Թեհրանում՝ փորձելով հասնել համաձայնագրի կատարմանը։
Վերջին օրերին Թրամփը տատանվում էր գործարքը առաջ մղելու և Իրանին զանգվածային հարվածներ հասցնելու միջև։ Շաբաթ երեկոյի դրությամբ նա հակված էր դիվանագիտական լուծման։
Սպիտակ տունը հույս ունի, որ վերջնական տարաձայնությունները կկարգավորվեն առաջիկա ժամերին, և որ գործարքի մասին կհայտարարվի կիրակի, ասել է ամերիկացի պաշտոնյան։ Պաշտոնյան ասել է, որ հնարավոր է՝ գործարքը նույնիսկ ամբողջ 60 օրը չտևի, եթե ԱՄՆ-ն համարի, որ Իրանը լրջորեն չի վերաբերվում միջուկային բանակցություններին։
Մյուս կողմից, ԱՄՆ-ն կարծում է, որ Իրանում տնտեսական ճգնաժամը խթան է պատժամիջոցների վերացման և կանխիկ միջոցների ապասառեցման վերաբերյալ լիարժեք գործարքի հասնելու համար։
«Հետաքրքիր կլինի տեսնել, թե Իրանը իրականում որքան հեռու է պատրաստ գնալ, բայց եթե նա ի վիճակի է և ցանկանում է փոխել իր ուղեգիծը, այս հաջորդ փուլը նրան կստիպի մի քանի կարևոր որոշում ընդունել այն մասին, թե ինչպիսին է ուզում լինել որպես երկիր», - ասել է ամերիկացի պաշտոնյան։
Եթե Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Թրամփի պահանջները կատարվեն, ԱՄՆ նախագահը պատրաստ է շատ հեռու գնալ՝ Իրանի հետ հարաբերությունները վերագործարկելու և նրանց հնարավորություն տալու լիովին իրացնել իրենց տնտեսական ներուժը, որը Թրամփը համարում է «ահռելի», ասում են նրա խորհրդականները։
Source: https://news.am/hy/news/1037843
World
Axios․ Ի՞նչ կետերից է կազմված այն գործարքը, որի ստորագրմանը մոտ են ԱՄՆ-ն և Իրանը։
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։