Associated Press-ի հաղորդմամբ, Բրիտանական նավատորմը պատրաստվում է Հորմուզի նեղուցի հնարավոր ականազերծման գործողությանը, սակայն ուժերի տեղակայման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի ընդունվել։

Ջիբրալթարի ափերի մոտ գտնվող Թագավորական նավատորմի դեսանտային նավի՝ RFA Lyme Bay-ի վրա տեղակայված են հարյուրավոր բրիտանացի նավաստիներ, որոնք սպասում են Պարսից ծոց մեկնելու հրամանին։

Նախապատրաստությունն ընթանում է Իրանի շուրջ շարունակվող ճգնաժամի ֆոնին։ Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից պատերազմի սկսվելուց հետո Թեհրանը փաստացի փակել է Հորմուզի նեղուցը՝ աշխարհի կարևորագույն ուղիներից մեկը նավթի, հեղուկացված գազի և պարարտանյութերի փոխադրման համար։ Բրիտանիայի զինված ուժերի հարցերով նախարար Ալ Կարնսի վկայությամբ, նեղուցով առնվազն վեց հազար նավ չի կարողանում անցնել, ինչը արդեն լրջորեն հարվածել է համաշխարհային տնտեսությանը և էներգետիկ շուկաներին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում կտրուկ քննադատել էր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին՝ Իրանի դեմ ամերիկյան արշավին անբավարար աջակցություն ցուցաբերելու համար։ Մարտին նա եվրոպական երկրներին հայտարարել էր, որ նրանք պետք է ինքնուրույն ապահովեն նավթի մատակարարումների անվտանգությունն ու վերահսկեն Հորմուզի նեղուցը։ Թրամփի հատկապես կոշտ քննադատության թիրախում էր Մեծ Բրիտանիան․ նա բրիտանական նավատորմը անվանել էր «խաղալիքային», իսկ վարչապետ Քիր Սթարմերին՝ «ոչ Չերչիլ»։

Այժմ Լոնդոնն ու Փարիզը քննարկում են տարածաշրջանում նավարկության անվտանգության ապահովման հնարավոր միջազգային գործողությունը։ Սակայն բրիտանական իշխանությունները շեշտում են, որ առաքելությունը կարող է սկսվել միայն ռազմական գործողությունների դադարեցումից և Իրանի հետ համաձայնագրի կնքումից հետո։ Ըստ Թրամփի, պայմանավորվածություններն արդեն «մեծ մասամբ համաձայնեցված են», սակայն վերջնական մանրամասները դեռ քննարկվում են։

RFA Lyme Bay-ի վրա արդեն բեռնվում են զինամթերք և ականների որոնման ժամանակակից անօդաչու համակարգեր։ Նավը պետք է միանա HMS Dragon ավիակրին և դաշնակից մյուս ուժերին, ապա Սուեզի ջրանցքով ուղևորվի դեպի Պարսից ծոց։

Ականային սպառնալիքի դեմ պայքարի ստորաբաժանման հրամանատար Ջեմմա Բրիտոնը հայտարարել է, որ Իրանը կարող է օգտագործել ծովային ականների ամենատարբեր տեսակներ՝ հատակային, խարսխված կամ ռեակտիվ։ Դրանցից որոշները կարող են արձագանքել աղմուկին, շարժմանը կամ լույսին։ Սպառնալիքները հայտնաբերելու համար բրիտանական նավատորմն օգտագործում է սոնարներով հագեցած ինքնավար ստորջրյա սարքեր, որոնք թույլ են տալիս ծովի հատակը զննել զգալիորեն ավելի արագ և անվտանգ, քան ավանդական անձնակազմով նավերը։

Սարքավորումների մի մասը տեղադրվում է փոքր անօդաչու նավակների վրա, որոնք արձակվում են RFA Lyme Bay-ից և կարող են գործել ինքնավար, մինչդեռ նավն ինքը մնում է հնարավոր ականադաշտից դուրս։ Բացի այդ, բրիտանական զինվորականները փորձարկում են հեռակառավարվող ստորջրյա սարքեր, որոնք ունակ են ինքնուրույն պայթուցիկ լիցքեր տեղադրել հայտնաբերված ականների վրա։

Բրիտոնի վկայությամբ, առաջնահերթ խնդիրը կլինի տրանսպորտային միջանցքի մաքրումը, որպեսզի մոտ 700 նավ կարողանա դուրս գալ նեղուցից։ Այնուհետև նախատեսվում է բացել երթուղին հակառակ ուղղությամբ՝ նոր նավերի մուտքի համար։ Զինվորականների գնահատմամբ, Հորմուզի նեղուցի լիարժեք ականազերծումը կարող է տևել ամիսներ կամ նույնիսկ տարիներ։

Միևնույն ժամանակ բրիտանական իշխանությունները խոստովանում են, որ առայժմ նեղուցում ականների առկայության հաստատում չկա։ Սակայն, ինչպես նշել է Ալ Կարնսը, ապահովագրական ընկերությունների և միջազգային նավագնացության համար ենթադրությունները բավարար չեն․ անհրաժեշտ է երթուղու անվտանգության նկատմամբ բացարձակ վստահություն։

Թե կոնկրետ երբ կարող է սկսվել գործողությունը, Լոնդոնում չգիտեն։ Ըստ Կարնսի, բրիտանական ուժերը պատրաստ են տեղակայման «ցանկացած պահի», սակայն առայժմ շարունակում են սպասել քաղաքական որոշման։

Source: https://news.am/hy/news/1037846